ԳԱՐՈՒ ՀԱՇԻՎԸ
Մի մարդ կալից գրաստով գարի էր կրում տուն:
Եվ քուռակը մոր հետ գնում էր և հետ դառնում: Իսկ տանը, ուր կրում էին գարին, մի խոզ կար կապած, որին գիրացնում էին: Եվ գարին անպակաս էր նրանից, որպեսզի ուտի և գիրանա:
Եվ քուռակն ասաց մորը. «Ինչու համար այն խոզը առանց աշխատանքի ուտում է գարին, որ մենք կրում ենք մեծ դժվարությամբ և մեզ, որ չարչարվում ենք, օրը մի անգամ են գարի տալիս»: Մայրն ասաց. «Լսիր, որդյակ և մի շաբաթ ևս համբերիր և ապա ես քեզ պատասխան կտամ, և քո աչքերով կտեսնես»: Եվ մի շաբաթ հետո էշը և քուռակը բեռով տուն էին գալիս, քուռակը մորից առաջ էր գնում և լսեց խռնչոցի ահագին ձայն, որովհետև խոզը մորթում էին: Եվ խրտնեց քուռակը և հետ փախավ դեպի մայրը, և մայրն ասաց. «Ինչ եղավ, քեզ, որդյակ, որ սոսկում ես, մի վախենար խոզից, որովհետև նրանից գարու հաշիվն են ուզում»:
Եվ դարձյալ եկան կալը՝ գարի կրելու: Եվ երբ բարձած վերադարձան տուն, քուռակը, բարձրացնելով ոտքի սմբակը, մորն ասաց. «Ով մայր, տես, թե ոտքիս չի փակչել գարու մի հատ, որ ինձանից էլ հաշիվ ուզեն, ինչպես խոզից»:
ԱՅՐԻ ԿԻՆ ԵՎ ՈՐԴԻ
Մի այրի կին ուներ տասը այծ և մի որդի: Եվ ամեն օր որդին այծերին տանում էր արոտ և մայրն ամեն օր մի շերեփ ջուր էր լցնում կաթի մեջ և փոխ տալիս հարևաններին: Եվ որդին մորն ասաց, թե ինչու ես այդպես ջուր լցնում կաթի մեջ և փոխ տալիս հարևաններին: Մայրն ասաց. «Որդի, մեր կաթը քիչ է, նրա համար եմ անում, որ մեր կաթը մի քիչ ավելի լինի, որ ձմռանը մեզ Թացան լինի»:
Իսկ մի օր, երբ որդին այծերին արոտ էր տարել, երկնքում ծնվեց մի փոքր ամպ, և անձրև եկավ, և հեղեղ եկավ և այծերը սրբեց լցրեց գետը: Որդին տուն եկավ արևով և դատարկ և ձեռքին միայն փայտը: Մայրն ասաց. «Որդի ուր են այծերը և ինչու դու այսօր արևով եկար»: Որդին ասաց. «Մայրիկ, այն մի շերեփ ջուրը, որ խառնում էիր կաթին և փոխ տալիս հարևաններին, հավաքվեց և հեղեղ դարձավ և եկավ մեր այծերը տարավ լցրեց գետը»:
ՄԻԱՅՆԱԿՅԱՑ ԵՎ ԳԱՄՓՌ ՇՈՒՆ
Մի միայնակյաց բնակվում էր մի գյուղի մոտ և գյուղում նա սիրեց մի աղջիկ և բազում ժամանակ նրա հետ շնանում էր պոռնկությամբ: Եվ գյուղի տանուտերն ուներ մի գամփռ շուն, որ խիստ պահող շուն էր և ամբողջ գյուղը պահում էր: Մի գիշեր միայնակյացը եկավ, որ շնանա այն կնոջ հետ և գյուղի եզրին նրան հանդիպեց տանուտերի շունը և գամփռեց նրա վրա և նրան կծեց և արյունը ճապաղ արեց և շատ վերքեր արեց և նեղելով նրան քշեց: Եվ միայնակյացը լալով և արյունաթաթախ մտավ խուցը և դուռը փակեց, զղջաց և չոքեց աղոթքի, լաց եղավ և կուրծքը ծեծելով ասաց. «Աստված, բազում ժամանակ է, որ շնացա և չվախեցա քո դատաստանից և ոչ դառն դժոխքից զարհուրեցի, բայց այս գիշեր զարհուրեցի մի գամփռ շնից և չկարողացա շնություն անել»:
ԱՅԾԵՐ ԵՎ ԳԱՅԼԵՐ
Հավաքվեցին այծերը միասին և պատգամ ուղարկեցին գայլերի ազգին և ասացին, թե ինչու մեր մեջ լինի անհաշտ խռովություն, այլ ոչ թե խաղաղություն: Եվ հավաքվեցին գայլերը և ուրախացան մեծ ուրախությամբ և նամակով պատգամ ուղարկեցին այծերի ազգին, նաև անթիվ ընծաներ: Եվ գրեցին այծերին. «Լսեցինք ձեր բարի խորհուրդը և գոհանամք աստծուց, որովհետև մեզ համար մեծ խնդություն է և խաղաղություն. նաև իմացնում ենք ձերդ իմաստության,որ հովիվն ու շներն են պատճառ և սկիզբ մեր խռովության և կռվի. և եթե նրանց վերացնենք մեջտեղից, շուտով լինի խաղաղություն»: Եվ այս լսեցին այծերը, հաստատեցին և ասացին. «Իրավացի են գայլերը, որ մեզ սպանում են,որովհետև շները և հովիվը նրանց հալածում են մեզնից»: Եվ այծերը վտարեցին շներին և հովվին և երդվեցին, որ հարյուր տարի մնան անխախտելի սիրով: Եվ այծերը ցրվեցին լեռները և դաշտերը և սկսեցին ուրախ լինել և ցնծալ և խաղալ,որովհետև արածում էին լավ արոտներում, ուտում էին համեղ խոտեր, խմում էին պաղ ջրեր և խնդում էին և վազվզում էին փառք տալով, որ հասան բարի ժամանակի:
Եվ գայլերը համբերեցին հարյուր օր, ապա հավաքվեցին դաս-դաս ընկան այծերի վրա և կերան:
ԵՐԿՈՒ ՆԿԱՐԻՉ
Մի ոմն թագավոր շինեց գեղեցիկ դարպաս և կամեցավ զարդարել այնպիսի ներկերով, որոնց նման ոչ մի տեղ չէր եղել: Եվ ընտրեց երկու նկարիչների և մեկին տվեց մի պատը, մյուսին՝ մյուս պատը և նրանց միջև վարագույր քաշեց: Եվ երբ նկարիչներն ավարտեցին իրենց գործը, թագավորը եկավ, որ տեսնի նրանց գործը և տեսավ, որ մեկը նկարել է գեղեցիկ պատկեր և շատ հավանեց: Իսկ մյուսը բնավ ոչինչ չէր նկարել. նա պատը շատ գեղեցիկ սարքել էր և կոկել հայելուց ավելի լավ: Երբ թագավորը տեսավ, որ չէր նկարել, այլ միայն կոկել էր, զարմացավ և ասավ. «Դու ինչ՞ես արել»: Նա ասաց. «Ես ցույց կտամ իմ գործը»: Եվ ապա վեր քաշեց միջի վարագույրը և երբ լույսը ծագեց և լուսավորեց կոկած պատը, այն ժամանակ մթնեց նկարազարդ պատը, որովհետև հայելու մեջ երևում էին այն բոլոր պատկերները, որ նկարված էին մյուս պատի վրա: Եվ թագավորն ասաց. «Այս մյուսից գեղեցիկ է»:
ԱՌՅՈՒԾ ԵՎ ԱՂՎԵՍ
Մի առյուծ կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և ուրախանալու: Աղվեսն եկավ և հանդեսի ժամանակ, բազմության մեջ առյուծին նախատեց բարձրաձայն և անարգեց,թե այդ է քո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ:
Առյուծը հանդարտաբար պատասխանեց և ասաց. «Այո, ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ոչ քեզ մնան աղվես»:
ԻՄԱՍՏՈՒՆ ԴԱՏԱՎՈՐ
Մի մարդ ուներ չար կին և կինը կռվեց նրա հետ և ասաց. «Կարծում ես թե քո երեք որդիները քեզնից են : Մեկն է քեզնից, իսկ երկուսը՝ բիճ են»: Եվ նա հարցրեց թե, ո՞րն է իմը, և կինը չասաց: Եվ երբ հայրը մեռնում էր՝ ասաց. «Իմ ամբողջ կայքը թող լինի իմ հարազատ որդուն»: Եվ եղբայրները կռվում էին իրար հետ. մեկն ասում էր, թե ես եմ հարազատ որդին և մյուսը՝ թե ես եմ: Եվ գնացին մի իմաստուն դատավորի մոտ: Եվ դատավորը հրամայեց նրանց հորը հանել գերեզմանից և նետ արձակել նրա վրա: Ով հորը զարկեր նետով, և նետը ծակեր հոր մարմինը, նա էր հարազատ որդին: Եվ երկու որդիները զարկեցին հորը, իսկ ճշմարիտ որդին դանակը քաշեց, որ սպանի եղբայրներին և լաց եղավ դառն արտասուքով և թաղեց հոր մարմինը: Եվ իմացան, որ նա էր հարազատ որդին և նրան տվին հայրենի կայքը:
ԱՌՅՈՒԾ ԵՎ ԳԱՅԼ ԵՎ ԱՂՎԵՍ
Առյուծն և գայլն և աղվեսն եղբայր եղան և որսի ելան և գտան մի խոյ, մի ոչխար, որ է մաքի և մի գառ: Ճաշի ժամին առյուծն ասաց գայլին, թե բաժանիր մեր մեջ այդ որսը: Եվ գայլն ասաց. «Ով թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ, մաքին ինձ և գառն աղվեսին»: Եվ առյուծն բարկանալով, ապտակ զարկեց գայլի ծնոտին, և դուրս թռան գայլի աչքերը, և նա նստեց և դառն լաց եղավ: Եվ դարձյալ ասաց առյուծն աղվեսին, թե բաժանիր ոչխարները մեր մեջ: Եվ աղվեսն ասաց. «Ով թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ ճաշին, մաքին քեզ՝ հրամենքին և գառը քեզ ընթրիքին»: Եվ առյուծն ասաց. «Ով խորամանկ աղվես, քեզ ո՞վ սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել»: Եվ աղվեսն ասաց. «Ինձ սովորեցրեցին գայլի աչքերը, որ դուրս թռան»:
ԳԻՆԻ
Մի թագավոր մի որդի ուներ և հրաման արեց նայիպներին, թե ամեն օր ձեզնից մեկը թող տանի իմ որդուն և պատվի: Եվ տանում էին:
Եվ մի օր մի նայիպ պատվելու էր տարել թագավորի որդուն և երեկոյան նրան տարավ թագավորի տունը և ինքը գնաց: Թագավորի տղան խիստ գինով էր և հարբած դուրս եկավ, ընկավ աղբանոցը և մեռավ: Եվ թագավորը հրամայեց, թե իմ իշխանության ներքո ինչքան այգի կա՝ փակեք և կարասները կոտրատեք: Եվ այդպես արին:
Եվ մի այրի կին մի որդի ուներ և այրի կինը պահեց յուր հնձանը և գինին և ամեն առավոտ և երեկո հացի վրա երկու թաս գինի էր տալիս որդուն: Եվ այրի կնոջ որդին մի գիշեր դուրս եկավ, սպանեց թագավորի առյուծին, և թագավորն առավոտյան հրամայեց, թե ով որ սպանել է իմ առյուծին, եթե գա և ինձ պատմի՝ նրան չեմ պատժի: Եվ եկան այրի կինը և նրա որդին: Թագավորը նրան հարցրեց, թե ինչպես սպանեցիր առյուծին: Եվ նա ասաց. թե գիշերով դուրս եկա, հանդիպեցի առյուծին և սպանեցի: Եվ մայրն ասաց. թե նրան գինով է սնուցել և պատմեց, թե ինչպես է գինով սնուցել: Եվ թագավորը հրաման արձակեց. թե այգի տնկեք և գինին այնպես խմեք, որ առյուծ սպանեք և ոչ թե աղբանոցում մեռնեք:
ԻՄԱՍՏՈՒՆ ԱՎԱԳ ԷՇ
Շատ էշեր գնում էին արքունի գործով և նրանց մեջ կար մի ավագ էշ՝ իմաստուն և մեծ, քան մյուսները: Եվ ամենքը նրան պատվում էին, որպես հայր և առաջնորդ: Եվ ահա բարձրանում էին մի սար, և նա խառանչեց և գոռաց սաստիկ ահագին և հետևի կողմից մեծամեծ ճայթյուն արձակեց: «Ով պատվական հայր, քո առջևի ձայնից բոլորս ունենք, իսկ ի՞նչ էր այն ահագին ճայթյունը, որ քո հետևի կողմից ելավ. աղաչում ենք ասա մեզ»: Եվ նա ասաց. «Ով իմ որդիներ, ձեր առաջ սուտ չեմ երդվի և ճշմարիտ կասեմ, որ առջևի ձայնի զորությունից բնավ չեմ կարող իմանալ, թե ուրիշ ինչ ճայթյուն է ելնում իմ հետևի կողմից»:
ՄԻԱՄԻՏ ԳՈՂԵՐ
Երկու գող բարձրացան մի մեծատան կտուր և կամեցան երդով վայր իջնել և գողություն անել: Եվ լուսնկա էր: Եվ մեծատուն մարդն իմացավ, որ գողերը երդիկի մոտ են: Եվ կինը մարդուն ասաց, թե այս ամեն գանձերը և ոսկին և կերպասը քեզ որտեղի՞ց են: Եվ մեծատուն մարդն ասաց. «Գնում էի գողության, մեծատուն մարդկանց երդիկով իջնում էի, և լուսնկա էր, ինչպես այժմ, և լուսնի շողերը երդիկից ներս էին ընկնում, ինչպես այժմ, և ես գրկում էի շողերի սյունը և վայր էի իջնում և այնպիսի մի բան էի ասում, որ ինչքան գեղեցիկ կերպաս կար այդ տանը, երևում էր ինձ, և կապում էի լուսնի շողերին և վեր բարձրանում: Եվ այս ամենն այդպես եմ վաստակել»:
Երբ գողերը այդ բանը լսեցին, խիստ ուրախացան և հավատացին այդ ցնորամիտ բանին և լուսնի շողերը գրկելով երդից վայր ընկան և ջարդվեցին:
ԵՂԵԳՆ ԵՎ ԾԱՌԵՐ
Մի թագավոր զբոսանքի ելավ շրջելու լեռներում և հովիտներում: Եվ տեսավ, որ մեծամեծ ծառեր կային կոտրված և փշրված և միայն մի եղեգ կար՝ կանգուն անարատ: Եվ թագավորն ասաց. «Ով եղեգ, ասա ինձ, թե ինչպես հաստատուն ես մնացել, երբ մեծամեծ ծառերը փշրվել են»: Եվ եղեգն ասաց. «Ով թագավոր, երբ սաստիկ հողմ բարձրացավ, ծառերը հպարտությամբ հակառակ կանգնեցին հողմի դեմ, և հողմը նրանց փշրեց. իսկ ես խոնհարվեցի հողմի կամքով և ահա կանգուն եմ»:
ԻՇԽԱՆ ԵՎ ԱՅՐԻ ԿԻՆ
Մի իշխան կար խիստ չար և անիրավ: Եվ նույն քաղաքում ապրում էր մի այրի կին, և իշխանը հարկ պահանջելով նեղում էր նրան, և այրի կինն աղոթում էր, որ իշխանն ունենա խաղաղ ու երկար կյանք: Գնացին ասացին իշխանին, թե քո չարության համար աղոթում է այրին: Եվ իշխանը եկավ և ասաց. «Ես քեզ բարիք չեմ արել, ով կին, դու ինձ համար ինչո՞ւ ես աղոթում»: Այրի կինն ասաց. «Քո հայրը վատ մարդ էր. ես անիծեցի, և նա մեռավ: Դու նստեցիր նրա տեղը՝ ավելի խիստ չար: Եվ այժմ վախենում եմ, որ մեռնես և քո որդին քեզնից ավելի չար լինի»:
ԻՄԱՍՏՈՒՆ ԶԻՆՎՈՐ
Մի ոմն իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու ոտքով կաղ էր: Եվ զինվորներից մեկը նրան ասաց. «Ով ողորմելի, ու՞ր ես գնում: Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող»: Եվ նա ասաց. «Ով անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, և կռվելու, և հաղթելու»:
ԹԱԳԱՎՈՐ ԵՎ ՕՁ
Կար մի թագավոր և ուներ նա մի սիրելի օձ, որ նրան ամեն օր բերում էր մի կարմիր դահեկան: Եվ թագավորն ունեցավ մի մանուկ, որին սնուցում էր գահի վրա և օձը նետում էր մանկան պարանոցով, և այդպես խաղում էին օձն ու մանուկը: Եվ երբ մանուկը մեծացավ, մի անգամ խաղի ժամանակ սուրը հանեց և կտրեց օձի պոչը և գետին գցեց: Եվ զայրացավ օձը, թույնով զարկեց մանուկին, և մանուկը իսկույն մեռավ, և օձը գնաց օտար երկիր: Եվ երբ թագավորը եկավ և մանուկին օձի թույնից սևացած և մեռած տեսավ և օձի պոչը գետնին ընկած, իմացավ, որ յուր մանուկն է թրով կտրել օձի պոչը: Եվ սգաց որդուն, տարավ թաղեց գերեզմանում:
Եվ անցավ մի առ ժամանակ, և թագավորը խնդրանքներ ուղարկեց այն օձի մոտ և ասաց. «Գիտեմ, որ առաջ իմ որդին է ծռություն արել. նա կտրել է քո պոչը, ապա դու կծել ես նրան: Ինչ որ եղավ՝ եղավ, և իզուր գնացիր: Արի և մենք կլինենք առաջվա մնան իրար սիրելի և միասին կապրենք»: Իսկ օձը պատասխան տվեց և ասաց. «Այդպես չէ: Քանի որ ես պիտի նայեմ իմ պոչի վրա, իսկ դու քո որդու գերեզմանին, ուրեմն մեր միջից թշնամությունը չի վերանա: Լավն այն է, որ դու և ես իրարից հեռանանք, որպեսզի այլ ուրիշ մեծագույն չարիք չծնվի մեր մեջ»:
ԱՌՅՈՒԾ ԵՎ ԱՂՎԵՍ ԵՎ ԱՐՋ
Առյուծն հիվանդացավ, և ամեն կենդանիները եկան նրան տեսության. միայն աղվեսն ուշացավ: Արջը չարախոսեց նրան, և աղվեսն դռնամտից լսեց և ներս ընկնելով թավալվեց առյուծի առաջ: Առյուծն ասաց աղվեսին. «Բարի ժամին չեկար, գարշելի, ասա ինձ, ի՞նչու ուշացար»: Աղվեսն ասաց. «Մի բարկանար, բարի թագավոր, երդվում եմ քո գլխով, որ քո առողջության համար այցելեցի շատ բժշկապետների և մեծ չարչարանք քաշեցի, բայց իմացա դեղը քո բժշկության»: Եվ առյուծն ասաց. «Բարի եկար, իմաստուն կենդանի, ինչն է այդ դեղը»: Աղվեսն ասաց. «Խիստ պիտանի է և դյուրին. բժշկապետներն ասացին, թե կենդանի հանեք արջի մորթին և տաք-տաք գցեք առյուծի վրա և իսկույն մորթին ցավը կհանի հիվանդից»: Եվ առյուծը հրամայեց. արջին բռնեցին և սկսեցին հանել մորթին: Իսկ նա վայում էր և արձակում մեծամեծ ոռնոց:
Եվ աղվեսն ասաց. «Այդ ամենը քեզ և նրան, ով արքունիք մտնելով կչարախոսի մեկին»:
ԿԱԹ ՄԵՂՈՒ ՊԱՏՃԱՌ ՊԱՏԵՐԱԶՄԻ
Մի մարդ խանութ ուներ և մեղր էր ծախում, և մեղրից մի կաթ կաթեց գետնին, և մի պիծակ նստեց կաթի վրա, և կատուն և վազեց և պիծակին առավ, և նրանից հետո շունը վազեց և կատվին առավ, և խանութի տերը շանը զարկեց և սպանեց: ԵՎ այն գյուղին դրացի մի գյուղ կար, և շունն այդ գյուղից էր: Երբ շան տերը իմացավ, թե խանութպանն սպանել է յուր շանը, այն ժամանակ եկավ և սպանեց խանութպանին: Հետո երկու կողմից վեր կացան գյուղացիք և միմյանց հետ պատերազմ արին, և նրանց միջև կոտորած եղավ, և երկու կողմից կենդանի մնաց մի մարդ՝ մի կաթ մեղրի համար:
ԿՏԱԿ ՎԱՍՆ ԳԱՆՁԻ
Մի իմաստուն և աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ: Մահվան ժամին նա կանչեց որդիներին և ասաց. «Ով զավակներ, իմ նախնիները շատ գանձ են թաղել մեր այգում, և ես ձեզ ցույց չեմ տա նրա տեղը: Այդ գանձը կգտնի նա, ով շատ աշխատի և խոր փորի»: Եվ հոր մահից հետո որդիները սկսեցին աշխատել մեծ եռանդով և խորագույն էին վարում, որովհետև յուրաքանչյուրն աշխատում էր, որ ինքը գտնի գանձը: Եվ այգին սկսեց աճել և զորանալ և առատ բերք տվեց և նրանց հարստացրեց գանձերով:
ՈՒՂՏ ԵՎ ԳԱՅԼ ԵՎ ԱՂՎԵՍ
Ուղտը և գայլը և աղվեսը եղբայր եղան և ճանապարհ ընկան և ճանապարհին գտան մի բլիթ հաց և միմյանց ասացին, թե ով ավագ է, թող նա ուտի: Եվ սկսեցին ասել իրենց տարիքը: Աղվեսն ասաց. «Ես այն աղվեսն եմ, որի անունը Ադամը դրեց»: Գայլն ասաց. «Ես այն գայլն եմ, որին Նոյը տապանն առավ»: Եվ ուղտը տեսնելով, որ նրանք իրենից ավագ դուրս եկան և հացը պիտի առնեն, հացը բերանն առավ և բարցրացնելով ասաց. «Մի՞թե ես երեկվա տղան եմ, որ այսչափ մեծացրել եմ իմ սրունքները»:
Եվ սկսեց հացն ուտել: Իսկ աղվեսը և գայլը, ցատկելով նրա շուրջը, ոչինչ չկարողացան անել և փախան:
ԿՌՈՒՆԿ ԹԱԳԱՎՈՐ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԷՇ
Հավաքվեցին թռչունները և ասացին, որի ձայնը զորավոր է, նրան մեզ թագավոր դնենք, որպեսզի պատերազմի ժամին կանչի մեզ: Եվ կռունկը երկինք բարձրացավ և գոչեց. նրան հավանեցին թռչունները և օծեցին թագավոր:
Էշը եկավ և ասաց. «Այ, եթե ինձ ոտի տեղ անեիք, որ նրա փոխարեն ես բարձրանայի, դուք կլսեիք, թե ում ձայնն է զորավոր»:
ԵԶՆ ԵՎ ՁԻ
Եզը և ձին խոսեցին միմյանց հետ: Եզն ասաց. «Դու ո՞վ ես կամ ինչի՞ պետք ես»: Ձին ասաց. «Ես ձի եմ և ինձ թագավորները և իշխանները և պարոնները զարդարում են ոսկով և արծաթով և բազմում են ինձ վրա»: Եզն ասաց. «Ամբողջ աշխարհի բարեկեցությունն եմ ես, որովհետև ես եմ վաստակում և չարչարվում և հոգնում և ապա դու և քո թագավորն ուտում եք: Եվ բոլոր մարդիկ ուտում են իմ վաստակը և եթե չվաստակեմ, դու և քո թագավորն իսկույն կմեռնեք: Եվ դու երախտամոռ մի լինիր»:
ՀԻՄԱՐ ԵՎ ՁՄԵՐՈՒԿ
Մի հիմար և միամիտ մարդ ուներ մի դահեկան և առնելով դահեկանը գնաց քաղաք մի էշ գնելու և շրջեց քաղաքում և շուկայում և չգտավ մի դահեկանի էշ, ապա կրկին եկավ շուկա և տեսավ մի մեծ ձմերուկ և հիացմամբ հարցրեց. «Այս ի՞նչ է»: Եվ վաճառականներն իմացան, որ նա հիմար է և ասացին, թե հնդու էշի ձու է և կհանի հնդու մեծ էշ: Եվ ուրախանալով մարդը, տվեց դահեկանը և առավ հնդու էշի ձուն: Եվ վաճառականները նրան պատվիրեցին, թե ձեռքիդ զգույշ տար, թե չէ կկոտրվի, և էշը միջից կփախչի: Եվ ձմերուկը ձեռքին մարդն սկսեց գնալ զառիվայր ճանապարհով, և նրա ոտքը սայթաքեց,ձմերուկը ձեռքից դուրս պրծավ և գլորվեց խիտ անտառի մեջ, և անտառից մի նապաստակ վազեց և սկսեց փախչել, իսկ մարդը կարծեց, թե ձուն կոտրվել է, և ահա էշը ելել և փախչում է: Եվ հետևից վազելով կանչում էր նապաստակին և ձայն էր տալիս. «Այ հնդու էշ… վայ ինձ, մի փախչիր, քուռի, քուռի խնայիր ինձ և վերադարձիր»:
ԷՇԻՆ ԹՈՌ ԾՆՎԵՑ
Էշին ավետիս տվին՝ թե ցնծա և ուրախ եղիր և մեծ ընծա պարգևիր, որովհետև քեզ թոռ ծնվեց: Եվ էշն ասաց. «Վայ ինձ, բարեկամներ, եթե հարյուր թոռ էլ ծնվի, չեն թեթևացնի ծանրությունն իմ մեջքի բեռան»: