Մարտ
Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.
Առավոտը պայծառ օր,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,
Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։
Հեղինակ՝ Հովհաննես Թումանյան
Կարո՞ղ ես մարտ ամսվա գժությունները նկարել Paint ծրագրով:
Գարուն
Ձմեռն անցավ,
Եկավ գարուն…
Ձյունը հալվեց,
Լցվեց առուն:
Արև ծագեց
Արևելքից,
Ծիլեր քաշեց
Գետնի տակից:
Տաք հարավից
Եկան հավքեր,
Բույն հյուսեցին
Ընկեր-ընկեր:
Ծառը պտկեց,
Տվեց բողբոջ,
Աղբյուրն հանեց
Անուշ խոխոջ:
Փռվեց կակաչ
Սարի լանջին,
Կարմրեց մորին
Թփի միջին:
Դաշտը թավիշ
Զգեստ հագավ,
Կանգնեց քարին
Երգեց կաքավ:
Արոտ գնաց
Ծնած մաքին,
Կաթը տվեց
Անուշ ձագին:
Հեղինակ՝ Աթաբեկ Խնկոյան