Բարեկենդանի ու Տյառնընդառաջի տոները միասին նշեցինք: Ուրախ, հետաքրքիր, ծիսական օր ստացվեց:
Առավոտից սկսեցինք դիմակներ սպատրաստել: Ամեն սովորող պատրաստեց իր ուզած գույներով, զարդարանքներով դիմակ: Հետո չիք-չիք խաղացինք: Հետո էլ երգելով, ասիկներ ասելով իջանք բակ: Խարույկի մոտ երգեցինք, պարեցինք, հարսանիք արեցինք, հարսին ու փեսային գովեցինք, իսկ հետո եկավ ամենահավես պահը: Սկսեցինք ցատկել խարույկի վրայով:
-Ու՜ֆ, ախր ուզում էի տաբատս վառեի,- հանկարծ տխրեց Գոռը:
-Ի՞նչ վատ է որ, Գոռ ջան:
-Ընկեր Մարիամ, ախր երգի մեջ ասում է՝ «Տերընդեզ՝ փեշդ վառե, օր ազատվես օձե, չարե»:
– Գոռ ջան, փեշդ չես վառել, բայց մտածածդ չիք-չիք արել ենք, չէ՞,- մի կերպ Գոռին համոզեցի ու բարձրացանք դասարան՝ ծիսական խոհանոցի բարիքներից օգտվելու: