Posted in Հոդված

Կրթահամալիրը տեղափոխվել է մեր տուն

96815492_2638508979760620_6510162001069604864_nԶավակներս՝ Աստղիկը և Գալեն, սովորում են Արևմտյան դպրոցի երկրորդ դասարանում և 5 տարեկանների խմբում։ Այսօր կպատմեմ  5 տարեկան Գալեի և նրա կրթական առօրյայի մասին։

Գալեն, շատ մեծ սիրով ու պատրաստակամությամբ է ուսման ընթացքին մասնակցում։ Իր ուսումնական օրը սկսում է մարմնամարզությամբ՝ լինի դա սենյակում թե բացօթյա։ Մարզում է իր վիզը, ուսերը, ձեռքերը, կոնքերն ու ոտքերը՝ չմոռանալով աչքերի մասին։ Երբեն հեծանիվ է վարում, երբեմն ինքնագլոր (սամակատ), երբեմն էլ երեխային բնորոշ առույգությամբ ուղակի վազվզում է աջ ու ձախ։

Հետո ըստ այդ օրվա դասացուցակի հերթը կարող է լինել մայրենի լեզվին, որի ընթացքում սովորում է նոր տառեր գրել, կարդալ բառեր, հեգել- վանկատել դրանք, իր ուսումնական գործիքում՝ համակարգչում, մուտքագրել այդ տառերն ու բառերը, հետո դրանց համապատասխան գունեղ պատկերներ ու նկարչություններ անել Paint ծրագրում։ Երբեմն նրան հանձնարարվում է իր սովորած բառերը բնորոշող կամ պարունակող փոքրիկ բանաստեղծություններ սովորել և արտասանել։ Այդ ստեղծագործություններն այնքան ճիշտ են ընտրված լինում, որ դրանք լսելն ու յուրացնելը խաղի պես է՝ հաճելի ու թեթև։

Երբեմն հեքիաթ է ունկընդրում, մասնակցում հեքիաթի ընթացքին, հեքիաթին իրեն ընտրած ավարտը տալիս, նկարում ու քննարկում նրա հերոսներին, ներկայացնում այն ընտանիքի անդամի կամ անդամների օգնությամբ/հետ։

Եթե դասացուցակում թվաբանություն է, ապա դասն անց է կենում նույնքան հետաքրքիր ու գունեղ։ Սովորում է թվերը գրել, թվերի կազմությունը, մեկ թվում ապրող բոլոր թվերը, դրանց զույգ կամ կենտ լինելը, սովորում է գումարել, հանել, համեմատել թվեր, սովորում է չափումներ անել իր ոտքերով, ձեռքերով։Իր սովորած թվերի համար նկարում է տնակներ, ճիշտ դասավորում հարևան թվերին, սովորում է երկրաչափական պատկերներ ու դրանցից կերպարներ ստանում, խաղում է թվաբանական տարբեր, այլընտրանքային խաղեր՝ փայտիկներով, հատիկներով, նկարներով։

Ըստ օրվան Գալեն ծանոթանում է ռուսաց լեզվին կամ անգլերենին։ Սովորում է թե ինչպես են այդ օտար լեզուներով կոչվում թվերը, գույները, կենդանիները, իր մարմնի մասերը, իրեն շրջապատող առարկաները։ Սովորում է փոքրիկ բանաստեղծություններ ու երգեր, և ծանոթանում այդ երկու լեզուներին պատկանող մշակույթներին ու սովորույթներին։

Հետո գալիս է Գալեի թերևս ամենասիրելի դասաժամը՝ երգն ու երաժշտություն։ Սովորում է հայկական ժողովրդական երգեր, խաղերգեր, խաղեր ու պարեր, մասնակից ու հաղորդակից լինում դարերից եկած իր ազգային մշակույթին ու սովորույթներին՝ լինի դա Ամանոր, Բարեկենդան թե Զատիկ։

Չմոռանամ նշել, որ նա ամեն օր ունկնդրում ու ծանոթանում է նաև դասական երաժշտության մեծամեծերի ստեղծագործություններին՝ հաճախ իր հանգստյան ժամը լցնելով հրաշագեղ, կիրթ ու հարուստ երաժշտության նոտաներով։ Երբեմն էլ նկարում է ունկնդրելով դասական երաժշտություն:

Ստեղծագործել սիրող իմ տղուկը օգտագործում է գունավոր թղթեր, սոսինձ, մատիտներ, ներկեր, լոբի, սիսեռ, բամբակ, թել, փայտիկներ, դատարկ տարրաներ և այլն, զարկ տալիս իր երևակայությանն ու կերտում գունեղ պատկերներ, կենդանիներ, առարկաներ։ Սովորում է պարտիզպանություն անել՝ խնամել բույսերը, ծառ ու ծաղիկ տնկել և սիրել բնությունն ու նրա բոլոր բնակիչներին։

Ահա այսպիսի հագեցված, գունեղ և ուրախ է անցնում Գալեի ուսումնական օրը։ Ու առաջին հայացքից թվում է թե սրա մեջ ոչ մի արտասովոր բան էլ չկա։ Բայց արի ու տես, որ Գալեի վերոնշյալ ուսումնական օրը տեղի է ունենում մեր տան չորս պատերի մեջ։ Ի՞նչպես։ Շատ պարզ․ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը տեղափոխվել է մեր տուն։

Թագավարակի դեմ պայքարի հետևանքով իր հյուրընկալ առարկայական դռները ժամանակավորապես փակած կրթահամալիրը համացանցի ու իր նվիրյալ ուսուցչամանկավարժական կազմի օգնությամբ մուտք է գործել իր սաների (և ոչ միայն) ընտանիքներն ու տները։ Ուսուցիչների սիրո ու մեծ նվիրումի արդյունքում յուրաքանչյուր երեխա հնարավորություն է ստացել անխափան շարունակելու իր դպրոցական կրթությունը տան պայմաններում։

Բաց մտահորիզոնով, ստեղծագործողին քաջալերող, տեղեկատվական տեխնոլոգիաները կարևորող ու երեխայակենտրոն այս ուսումնական օջախը համախմբել և կրթել է ուսուցիչներին, որոնք մերօրյա այս մարտահրավերն ընդունեցին առանց վարանելու և բոլորիս համար այս ծանր, հոգեճնշող ու շփոթ օրերին անխախտ շարունակեցին մեր զավակներին կրթելու իրենց առաքելությունը։ Օգտագործեցին և շարունակում են օգտագործել իրենց հասանելի և դժվար-հասանելի բոլոր միջոցները (տեսադասեր, նախօրոք պատրաստված տեսանյութեր ու ձայնագրություններ, ուսումնական նյութեր) իրենց աշակերտների առօրյաին ներկա գտնվելու համար։ Իրենց նվիրումի, աշխատանքի ու սիրո շնորհիվ այս «տանը փակված» օրերը մնացել են հենց այդպիսին՝ ֆիզիկապես տանը փակված, քանի որ երեխաների ուսումնատենչ միտքն ու ստեղծագործ ոգին շարունակում է ազատ ու բաց լինել։
Իհարկե կան և որոշակի անհարմարություններ ու դժվարություններ, որոնք բխում են տնային պայմաններում  դպրոցական կրթությունը կազմակերպելու, տեսանյութեր պատրաստելու անկարելիության, մեկից շատ երեխաներ ունենալու, տվյալ պահին երկրում տիրող անորոշ, առողջական և տնտեսական լարված իրավիճակում ծնողների մտավոր ծանրաբեռնվածության և այլ անհատական-ընտանեկան խնդիրներից։ Վստահ եմ ուսուցիչ-ծնող-աշակերտ ամուր կապի արդյունքում այս ուղղությամբ էլ աշխատանքներ կտարվեն, հարթելու հնարավոր բոլոր խոչընդոտները և առցանց կրթությունն առավել բարելավելու, զարգացնելու և մատչելի դարձնելու համար։

Ուզում եմ նաև ազնվորեն խոստովանել, որ Գալեի շատ սիրելի ընկեր Մարիամը, ընկեր Սյուզին, ընկեր Սեդան, ընկեր Դիանան ու Լիանան դարձել են նաև ինձ համար կորովի, համբերության ու ոգեշնչման աղբյուր։ Շնորհակալ եմ նրանց զավակիս ներկայիս՝ սար ու ձոր փոփոխված առօրյան ինչ-ոչ կերպ անփոփոխ պահելու համար։ Շնորհակալ եմ նրանց՝ անխոնջ աշխատանքի, ամեն մի հարցին արագ արձագանքելու, հանգստության, համբերատարության, չհասկացածը կրկին ու կրկին բացատրելու, ներելու, հոգալու, սրտցավ լինելու ու անվերջ քաջալերելու համար։

Շնորհակալ եմ կրթահամալիրին՝ կրկին հաստատելու այն փաստը, որ կրթությունը ամենամեծ ներդրումն է մեր կյանքում և այն պետք է անխափան լինի անկախ ամեն ինչից, որ ցանկացած իրավիճակում՝ անգամ համավարակի, կրթելու համար անհրաժեշտ է բաց մտահորիզոն ու ճկուն միտք ունենալ և «չփակվել» ֆիզիկական խոչընդոտների պատճառով։

Հոդվածի հեղինակ՝ Նաիրի Մելքոմ-մելքոմյան

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s