Posted in Հեռավար ուսուցում

Թարս հարցեր

Օրը՝ 04․05․2020թ․

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ, ծնողներ, ընտանիքի անդամներ, հյուրեր

Նպատակը՝

  • սովորողների ստեղծագործական երևակայության զարգացում

Խնդիրները՝

  • սովորողների լսելու, լսածը հասկանալու կարողության զարգացում
  • լսածի մասին արտահայտվելու կարողության զարգացում
  • բանավոր խոսքի զարգացում

Հեքիաթ

Ջ․ Ռոդարի՝ Թարս հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
_ Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
_ Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պա­տառաքաղ և այլն:
_ Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ տմբտմբացնում էին գլուխները և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
_ Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
_ Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցե­րին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ  գտնի դրանց պատաս­խանները… ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխան­ները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա   նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտ­նագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդ­պես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հար­ցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

Առաջադրանք

Քննարկում ենք հեքիաթը:

Փոփոխում ենք հեքիաթի ընթացքը:

Հորինում ենք թարս հարցեր:

Կարող եք միանալ մեր քննարկմանը այս հղումով:

Արդյունքները կարող եք տեսնել այստեղ:

Սովորողների աշխատանքները կարող եք տեսնել այստեղ:

Leave a comment