Այսօր էլ հանգստի ժամին որոշեցինք աշխատել: 5 տարեկաններն իրենց հանգիստը վայելեցին տարբեր գործունեություններով զբաղվելով: Նախ յուրաքանչյուր սովորող ընտրեց, թե ինչով է ուզում զբաղվել, հետո անցավ գործի: Ունեինք ընտրության շատ տարբերակներ՝ նկարչություն, ծեփ, տեխնոլոգիական աշխատանք հատիկներով, կառուցողական խաղեր, նկարազարդ գրքերի ուսումնասիրում:
Սովորողներն ընտրեցին, թե որ խմբում են աշխատելու, նստեցին համապատասխան սեղանի շուրջ և սկսեցին ստեղծագործել: Աշխատելու որևէ ուղղություն չէինք առաջարկել, այդ պատճառով էլ աշխատանքները տարբեր էին և հետաքրքիր: Ամեն ինչ որոշում էին սովորողները: Ընտրում էին, թե ինչ են նկարելու կամ ինչ են ծեփելու, կամ էլ ոսպով ու բրնձով ինչ են պատրաստելու: Մեկը նավ էր նկարում, մյուսը՝ ծաղիկներ: Մեկը տնակ էր պատրաստում ոսպով, մյուսը՝ մարդուկ: Իսկ, եթե որոշել են գրքերը թերթել, ապա նորից ընտրությունն իրենցն է: Սեղանին դրված բազում գունավոր գրքերից ընտրում էին իրենց դուր եկածը և սկսում թերթել: Մեկ-մեկ էլ պատմություններ էին հորինում, ենթադրություններ անում նկարների շուրջ: Իսկ երբ հոգնում էին իրենց ընտրած գործունեությունից, փորձում էին ընտրել նոր ուղղություն աշխատելու համար: Ահա այսպիսի հետաքրքիր հանգստի ժամ ունեցանք: