Թթուդրիկի ծեսին մասնակցեցի 5 տարեկանների խմբի հետ: Նրանց հետ տեսակավորեցինք բանջարեղենը, կերպարներ ստեղծեցինք և կազմակերպեցինք հենց բուն թթու դնելու գործընթացը: Բայց մինչ հերթը կհասներ մեր ծեսին, ես հետևեցի, թե ինչպես են նախապատրաստվում մյուսները: Դասարաններից մի քանիսի նախապատրաստական աշխատանքները տեսա անմիջապես խոհանոցային գործունեության ժամանակ, մյուսներինը՝ բլոգի միջոցով:
Թվում է՝ ծեսը նույնն է և միօրինակ կլինի բոլորի մոտ, բայց իմ փոքրիկ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ամեն ինչ փոփոխվում է կախված դավարի և սովորողների մոտեցումից, տարիքային խմբից: 2-3 դասարաններում դասավանդողները և սովորողները միասին կտրատեցին-պատրաստեցին բանջարեղենը: Կային հատուկ խոհանոցային գործունեությանը նախապատրաստված դասարաններ: Նրանք ունեին համապատասխան գոգնոցներ, գլխարկներ և ձեռնոցներ: Դասարաններ էլ էին կային, որ ստեղծագործական աշխատանքին շատ ժամանակ հատկացրին: Սովորողները կերպար ստեղծեցին, խոսեցին այդ մասին:
Ես ինքս ինձ համար մի մոտեցում առանձնացրի, որը շատ նպատակահարմար է հատկապես 5 տարեկանների հետ ծեսին նախապատրաստվելիս: Մոտեցումը նկատեցի առաջին դասարանների մոտ: Դասվարները սովորողներից մի քանիսի հետ գնացել էին անհրաժեշտ գնումներ կատարելու: Այդպես խուսափել էին մեծ քանակով բանջարեղեն թթու դնելու խնդրից, գնումները համակարգված էին եղել: Կարծում եմ սովորողներին էլ շատ հետաքրքիր կլինի գնումներ կատարելու գործընթացը: Կարելի է նաև գնումների ժամանակ անդրադառնալ մաթեմատիկական մի քանի հասկացության. օրինակ՝ հաշվենք 10 վարունգ և դնենք տոպրակի մեջ, ընտրենք չափսերով փոքր լոլիկները, վերցնենք նույնքան պղպղեղ, որոքան վարունգ ենք վերցրել և այլն: