Եթե ցանկանում եք մտածել սովորեցնել, ապա նախ և առաջ հորինել սովորեցրեք:
Ջ. Ռոդարի
Կրթահամալիրի կրտսեր դպրոցներում իրագործվող «Իմացումի հրճվանք» ծրագիրը սովորողի (կրտսեր դպրոցականի) գործունեության բոլոր ձևերի փոխկապակացված ուսուցումն է որպես մեկ նախագիծ, թեմա, դաս, պարապմունք: Գործունեության բոլոր ձևերի հիմքում առաջնայինը ստեղծականությունն է, ստեղծագործական երևակայության զարգացումը: Ուսումնական նախագծերը սահմանված և հրապարակված են կրթահամալիրի ուսումնական օրացույցով:
Ապրիլի 23-ից 30-ը կրթահամալիրում հայտարարված էր ռոդարիական շաբաթ, բայց դա չի նշանակում, որ Ռոդարի կարդալը, թարգմանելը, ռոդարիական հնարքներով աշխատելը միայն այդ օրերի անելիքն է: Ռոդարին (որպես մեթոդ, ստեղծագործական հնարքների մի ողջ զինանոց) անընդհատ է, ամենուր:
Կարևորելով ստեղծագործական երևակայության դերը՝ Ռոդարին այն խթանելու հնարների զինանոց է մշակել: Նրա մանկավարժական մտքերը, դիտարկումները արձանագրված են «Ստեղծագործական երևակայության քերականություն» գրքում:
«Ստեղծագործական երևակայության քերականության» հիմքում դրված է այն պարզ գաղափարը, որ ստեղծագործական երևակայությունը մի քանի աչքի ընկնող անհատների մենաշնորհը չէ, որ դրանով բոլորն են օժտված:
Աղբյուրը՝ «Դպիր ամսագիր»