Ճամբարային վերջին օրը սկսեցինք Հյուսիսային դպրոցում: Ընկեր Ալիսի հետ աշխատեցինք կավով: Այս անգամ մենք ունեինք ստեղծագործելու անսահման հնարավորություն: Կավը շատ էր, իսկ թեման՝ ազատ: Ամենքս մի բան սկսեցինք պատրաստել: Մեկը փորձեց մրգաման պատրաստել, մյուսը՝ մարդ, ես էլ ծաղկաման պատրաստեցի: Հետաքրքիր էին նաև այն ճամբարականների աշխատանքները, ովքեր նախապես հատուկ թեմա չէին ընտրել : Նրանք կավով աշխատեցին և վերջում փորձեցին իրենց աշխատանքը անվանակոչել: Հետաքրքիր էր նաև քարի վրա փորագրություն կատարելը:
Օրվա ամենասպասված պահը հեծանվավորությունն էր: Մեծ ոգևորությամբ քայլեցինք դեպի Մայր դպրոց: Հեծանվային ակումբից ընտրեցինք հեծանիվները ու սկսեցինք վարել: Սկզբում մի փոքր ուղիղ ճանապարհով վարեցինք, հետո սկսեցինք Մայր դպրոցի շուրջը պտտվել: Երբ ընկեր Միքայելը համոզվեց, որ մենք բավականին լավ ենք վարում, ուղղություն վերցրեցինք դեպի Արևմտյան դպրոց: Աննկարագրելի հաճելի էր խմբով հեծանիվ վարելը:
Բարեհաջող դեպի Արևմտյան դպրոց գնալուց և վերադառնալուց հետո հերթը ժողովրդական օպերայինն էր: Մեր սիրելի ընկեր Մարինեի հետ երգեցինք մեր անցած երգերը, պարեցինք ժողովրդական պարերը Մայր դպրոցի Մարմարյա սրահում:
Օրվա վերջում հանդիպեցինք տիար Գևորգի հետ և քննարկեցինք մեր աշխատանքները: Խոսեցինք Ջոն Հոլթի «Մանկական հաջողությունների երաշխիք» գրքի մասին, քննարկեցինք Սեյմոն Սոլովեյչիկի «Երես առած երեխաներ» գրքից որոշ հատվածներ: Ստացանք որոշ խորհուրդներ, որոնք կկիրառենք մեր հետագա մանկավարժական աշխատանքում:

Ահա և վերջ: Այսքանով ավարտվեց մեր մանկավարժական ճամբարը: Մեկշաբաթյա գործունեությունը գիտելիքների մեծ պաշարից բացի մեզ տվեց դրական էմոցիաներ և ստեղծեց մի ընկերությունը, որը պիտի փորձենք պահպանել անկախ ամեն ինչից: Օրվա ավարտը մի փոքր հուզիչ էր: Գրկախառնվելով հրաժեշտ տվեցինք միմյանց հուսալով, որ էլի կհանդիպենք, էլի կաշխատենք միասին: