-Շաբաթ-կիրակի Արատես եմ գնում:
-Ո ՞ւր: Կյանքում չեմ լսել, հաստատ լավ տեղ չի:
Հենց ընկերներիս ասում էի Արատես եմ գնում, այս արձագանքն էի ստանում:
Այնուամենայինիվ գնացինք…
Պարզվեց Արատես պայմանականորեն անվանում ենք այն դրախտավայրին, որը գտնվում է Վայոց ձորի մարզում: Բայց դե քանի որ դրախտը միայն գեղեցիկ տեսարանը չէր կարող լինել, ասեմ նաև , որ մեր ճամփորդների խումբն էլ պակաս դրախտային չէր: Խումբը կազմված էր հոգատար, բարի, օգնող, հումորով, խելացի մասնակիցներից: Արատես հասնելուց ու Սմբատաբերդի բարձրունքը հաղթահարելուց հետո գնացինք մեր գեղեցիկ, հեքիաթային, մեծ պատուհանով տնակն իր հրաշալի տեսարանով:
Երևանից այդքան հեռու գտնվող վայրում, ամառային զով երեկոյան էլ ինչը կարող էր ավելի հաճելի լինել, քան խարույկի շուրջ ջերմ զրույցները: Սկսեցինք գրական քննարկումից, հետո անցում կատարեցինք կենցաղային թեմաներին համեմված աչքերից արցունք բերող հումորով: Մինչ մենք խարույկի շուրջ խոսում էինք ուզնգաններից, խոհանոցում տորթ էր պարտաստվում ձմերուկից: Մեր սիրելի ճամբարական Հասմիկի ծննդյան օրն էր: Ուղիղ կեսգիշերին շնորհավորեցինք նրան ձմերուկի տորթով, տոնական երաժշտությամբ ու ամենաբարի մաղթանքներով: Շնորհավորանքներից հետո սկսեցինք պարել: Պարեցինք մեր իմացած ժողովրդական պարերը, հետո էլ նորերը սովորեցինք: Երբ արդեն շատ ուշ էր, գնացինք տնակ՝ քնելու: Բայց դե ինչպե ՞ս քնեինք: Ամենահամեղ թեյը պատրաստեցինք ու ամենաջերմ խոսակցություններով հավաքվեցինք սենյակում: Գրեթե մինչև լուսաբաց խոսեցինք, ծիծաղեցինք: Հետո բոլորս քնեցինք, իսկ մեր Անին գիշերը գրեթե արթուն լուսացրեց, որովհետև մտածում էր, թե գյուղի բոլոր միջատները գիշերը իր մոտ են գալու:
Մի քանի ժամ քնելուց հետո եկավ գեղեցիկ առավոտը: Առավոտ քաղաքի եռուզեռից հեռու, ընկերների հետ: Նախաճաշին կերանք Մադլենի հատուկ բաղադրատոմսով խաշած հավկիթները ու գնացինք Արատեսի վանք: Հետո քայլեցինք դեպի ջրվեժ: Արատեսյան օրերի մեր ուղեկիցն էր Տարոնը, ով մեզ ուղեկցում էր ամենուր ու մեզ հետ կիսում էր բոլոր ուրախությունները և օգնում էր հաղթահարել դժվարությունները: Տուն դարձի ճանապարհին եղանք Զորաց եկեղեցում, Օրբելյանների կառուցած քարավանատանը, Կոթի եկեղեցում, Հայրիվանքում: Յուրաքանչյուր վայրի պատմությանը մեզ ծանոթացնում էր բանիմաց ընկեր Սամվելը: Սևանա լճին նայելով էլ ընդմիջում արեցինք ու ճանապարհ ընկանք դեպի Երևան:
Ընդամենը երկու օրում եղանք բազում տեսարժան վայրերում, հաղթահարեցինք Սմբատաբերդի բարձրունքը, բայց այս ճանփորդության ամենանշանավոր բանը իհարկե դա չէր: Մեր ամենամեծ ձեռքբերումը հենց մենք ենք, այն ընկերությունը, որ ձեռք բերեցինք ու այն էմոցիաները որոնք ապրեցինք: Իհարկե ոչ մի կերպ հնարավոր չէ ներկայացնել այն ուրախությունն ու այն յուրահատուկ զգացումը, որը մենք ապրեցինք ճամփորդության ընթացքում, բայց այդ ամենը մի փոքր պատկերացնելու համար առաջարկում եմ դիտել տեսանյութը: