«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի առաջին օրը սկսեցինք ժողովրդական երգ ու պարի սեմինար-պարապմունքով: Սովորեցինք «Հալել ենք եղը յար ջան» , «Լորիկ», «Ծառ ծաղկեցավ» պարերգերը, «Բուլուլ» ազգային պարը, ինչպես նաև փորձեցինք ներկայացնել «Ժնջիլ-ժնջիլ» ժողովրդական օպերան:
Հանդիպեցինք Մարիետ Սիմոնյանի հետ: Նրա հետ քննարկեցինք որոշ հարցեր կապված մեր հետագա գործունեույան հետ, խոսեցինք ուսուցչի ստեղծագործ լինելու կարևորության մասին: Ստացանք առաջադրանքներ, որոնք պետք է կատարենք և հաջորդ հանդիպման ժամանակ քննարկենք նրա հետ:
Օրը նշանավոր էր նաև տիկին Շողիկի հետ հանդիպումով: Նա մեզ ներկայացրեց բույսերը ճիշտ խնամելու, ջրելու, տեղափոխելու կարգը: Նաև տեսանք, թե ինչպես են թափոններից պնակներ պատրաստում, որոնք կարելի է օգտագործել տարբեր նպատակներով:
Մեր ճամբարային օրը ավարտվեց մարմնամարզության դասով: Առօրյա կյանքում լարված աշխատելով մենք հաճախ մոռանում ենք մարզվելու կարևորության մասին, իսկ այս պարապմունքը հիանալի առիթ էր զգալու մարզված լինելու հաճույքը: